Մեթոդոլոգիա

Մի քանի խոսք մեթոդի մասին, թեև մի քանի խոսքով անհնարին է լիարժեք բնութագրել այն: 

Մեթոդի հիմնական գաղափարն է արվեստի հավաքական ուժի միջոցով վերհանել մարդու մեջ թաքնված ներուժը, որն առավել կարևորվում է փոքր հասակում: Նկատի ունենալով, որ  այսօր աշխարհում գլուխ է բարձրացրել, դուրս է եկել առաջին տեղ մի հիվանդություն, որի անվանումն է «կյանքի իմաստի կորուստ» (նոոգեն նեվրոզ), իսկ վերջերս էլ այն վերանվանվել է «կենսական ուժերի կորուստ», որի արմատները մինչև 14 տարեկան երեխաների սխալ դաստիարակության մեջ են, մեթոդի հիմքում ընկած են նաև այդ դաստիարակության շտկումները: Կենտրոնի ղեկավարի և մանկավարժների ուշադրությունը կենտրոնացած  է աճող սերնդի դաստիարակության, հոգևոր զարգացման վրա, քանզի պարզ է, որ դրանից է կախված բոլորիս ապագան: 

Կենտրոնի աշխատանքը կազմակերպված է այնպես, որ մեկ հանդիպման ընթացքում խումբը լսում է հեքիաթ, լեգենդ կամ պատմություն` համապատասխան իր տարիքի, այնուհետև ընտրվում է նաև համապատասխան երաժշտություն, որը բերում է երեխաներին այնպիսի ստեղծագործական վիճակի, որ պահանջ է առաջանում ներքին վերապրումները գույների միջոցով հանձնել թղթին, կամ դրանք ձև են ստանում կավի մեջ, կամ էլ դառնում են ժեստ: Երեխաները սովորում են ոչ միայն լսել, այլ նաև «տեսնել» երաժշտությունը, «լսել» գույնը և այլն: Այսպիսով, դասի վերջին աշակերտները ազատվում են ներքին լարվածությունից, իսկ որոշ ժամանակ անց  մաքրված հոգու վիճակից ստեղծվում են մասնագետների կարծիքով արվեստի գլուխգործոցներ: Նույն թեմաներն իրենց արտահայտումն են գտնում ոչ միայն գեղանկարչական արվեստի մեջ, այլ նաև պոետիկ և թատերական (կից ներկայացված են նկարներ, պոետիկ ստեղծագործություններ և տեսաժապավեններ): Ուսման ընթացքում երեխաները և պատանիները ծանոթանում են նաև տարբեր ժողովուրդների մշակութային արվեստի տարբեր ձևերի հետ: Մեթոդի կարևորագույն մասն է կազմում  շփումը  բնության հետ: Դասերը հաճախ անցկացվում են բնության գրկում: Ամեն շաբաթ կենտրոնում կազմակերպվում են ճանապարհորդություններ, արշավներ դեպի սարեր, անտառներ: Հայտնի է, որ քաղաքում ապրող երեխաների համար տարերքների և բնության կենսարար ուժերի հետ շփումն առանձնահատուկ նշանակություն ունի: ճանապարհորդություններն ուղեկցված են համապատասխան պատմություններով և երաժշտությամբ: 

Կենտրոնի մեթոդիկան ցուցահանդեսների, սեմինարների միջոցով ներկայացվել է տարբեր երկրներում (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեդիա, Կիպրոս, Պարսկաստան, Գերմանիա, Սիրիա, Լիբանան) ` արժանանալով առանձնահատուկ ուշադրության: